Մեծ Բրիտանիան սահմանել է սպառնալիքների նոր ցուցակ, որոնց պետությունը կարող է բախվել առաջիկա տարիներին։ Այս մասին նշվել է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։
Սպառնալիքների նոր ցուցակը ներառում է 89 կետ, որոնց մեջ են. «Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումները»՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ, «ստորջրյա հեռահաղորդակցային մալուխների դեմ գրոհները», ինչպես նաեւ արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված խնդիրները։
Միացյալ Թագավորության ազգային անվտանգության ամենասպասվող սպառնալիքների շարքում նշված են ահաբեկչական գրոհները, ֆինանսական ոլորտի կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի խափանումները, տարերային աղետները, երրորդ կողմի հարձակումը Մեծ Բրիտանիայի՝ ՆԱՏՕ-ի մեջ չմտնող դաշնակցի դեմ, հասարակական գործիչների մահափորձերը։ Այս բոլոր ռիսկերը, Բրիտանիայի իշխանությունների գնահատմամբ, խիստ հավանական են՝ ավելի քան 25 տոկոս։
Ինչպես նշվել է փաստաթղթում, բրիտանացիների վրա ամենակործանարար ազդեցությունը կարող է ունենալ նոր համավարակը։ Վերլուծաբանների կարծիքով՝ «համավարակի հետեւանքները կպահպանվեն դեռ երկար տարիներ»։ Սակայն իրադարձությունների նման զարգացման հավանականությունը սահմանվել է որպես համեմատաբար ցածր՝ 5-25 տոկոս։
Financial Times թերթի տվյալներով՝ Բրիտանիայի կառավարությունը թարմացրել է սպառնալիքների ցուցակն առաջին անգամ 2020թ. ի վեր։
Առաջին անգամ ռիսկերի մասին հաշվետվությունը Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է 2008թ.։ Դրանում սպառնալիքները գնահատվում են երեք հիմնական ցուցանիշների հիման վրա՝ զոհերի, տուժածների թիվը եւ հնարավոր տնտեսական ծախսերի չափը։ Ընդ որում, նոր փաստաթղթում նշվել է, որ կառավարությունը գաղտնազերծել է ավելի շատ տեղեկատվություն, քան երբեւէ նախկինում։





























