Երկու ուղղաթիռներ, որոնք, լեհական կողմի հավաստիացմամբ, օգոստոսի 1-ին խախտել են Լեհաստանի օդային տարածքը, պատկանել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիկնազորին։ Այսպիսի ենթադրություն է հնչեցրել RMF FM ռադիոյի եթերում Լեհաստանի կառավարության նախկին ղեկավար (1996-1997), Եվրախորհրդարանի պատգամավոր Վլոդզիմեժ Չիմոշեւիչը։

«Այդ ուղղաթիռները ճանաչվել են։ Դրանք պատկանում են Լուկաշենկոյի թիկնազորին»,- քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը։ Նրա խոսքով՝ «Լուկաշենկոն այդ ժամանակ եկել էր իր նստավայր Բելովեժյան անտառի տարածքում», որը գտնվում է լեհ-բելառուսական սահմանից 7 կիլոմետր հեռու։

«Ես չեմ բացառում, որ [սահմանի հատումը] գիտակցված գործողություն էր, բայց չեմ հերքում նաեւ այն հնարավորությունը, որ դա պատահականություն էր»,- ավելացրել է Չիմոշեւիչը։

Օգոստոսի 1-ին Լեհաստանի կառավարությունը հայտարարել էր, որ բելառուսական երկու ռազմական ուղղաթիռ խախտել է Լեհաստանի օդային սահմանը Բելովեժի շրջանում։ Հանրապետության պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նույն օրը կարգադրել էր ավելացնել զինծառայողների թվաքանակը Բելառուսի հետ սահմանին եւ ուժեղացնել նրա պահպանությունը մարտական ուղղաթիռներով։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը Լեհաստանի սահմանը Բելառուսի ՌՕՈւ Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռներով եւ ՀՕՊ զորքերով խախտելու մեղադրանքներն անվանել է մտացածին։ Մինսկի կարծիքով՝ դրանք Լեհաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն արել է այն բանի համար, որ հերթական անգամ արդարացնի Բելառուսի սահմանին ուժերի եւ միջոցների ավելացումը։