Բելառուսական ուղղաթիռները, այդ թվում իբր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիկնազորին պատկանողները, չեն խախտել Լեհաստանի սահմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
Լեհաստանի կառավարության նախկին ղեկավար (1996-1997), Եվրախորհրդարանի պատգամավոր Վլոդզիմեժ Չիմոշեւիչը RMF FM ռադիոյի եթերում հայտարարել է, որ երկու ուղղաթիռ, որոնք, լեհական կողմի պնդմամբ, օգոստոսի 1-ին խախտել են Լեհաստանի օդային տարածքը, պատկանում են Բելառուսի նախագահի թիկնազորին։
«Երեկ մեր ԱԳՆ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին առավելագույն մանրամասնությամբ ամեն բան ցույց է տրվել եւ բացատրվել օբյեկտիվ վերահսկողության տվյալներով։ Լեհական սահմանի ոչ մի խախտում չի եղել, պարզապես չի եղել նման փաստ։ Ուստի, Վլոդզիմեժ Չիմոշեւիչի ենթադրությունները ոչ մի մասով չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Օգոստոսի 1-ին Լեհաստանի կառավարությունը հայտարարել էր, որ բելառուսական երկու ռազմական ուղղաթիռ խախտել է Լեհաստանի օդային սահմանը Բելովեժի շրջանում։ Հանրապետության պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նույն օրը կարգադրել էր ավելացնել զինծառայողների թվաքանակը Բելառուսի հետ սահմանին եւ ուժեղացնել նրա պահպանությունը մարտական ուղղաթիռներով։





























