Հնդկաստանը կկարողանա հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել Պակիստանի հետ, եթե ահաբեկչական սպառնալիք եւ թշնամանք չլինի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին։

«Հնդկաստանի հստակ եւ հետեւողական դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է։ Մենք ցանկանում ենք նորմալ բարիդրացիական հարաբերություններ մեր բոլոր հարեւանների հետ, ներառյալ Պակիստանը։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որն ազատ է ահաբեկչությունից եւ թշնամանքից»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է The Times of India թերթը։

Բագչիի հայտարարությունը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի՝ Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին արտահայտած մտքի պատասխանն է։

Այս շաբաթ ավելի վաղ նա հայտարարել էր, որ Պակիստանը եւ Հնդկաստանը «չեն կարող նորմալ հարեւաններ լինել, եթե լուրջ հարցերը [նրանց հարաբերություններում] չլուծվեն բովանդակալից խաղաղ բանակցությունների միջոցով»։

Նկատի ունենալով Պակիստանն ու Հնդկաստանը՝ Շարիֆն ասել է, որ պատերազմը վիճելի հարցերի լուծման միջոց չէ, եւ Իսլամաբադը պատրաստ է Նյու Դելիի հետ լրջորեն քննարկել չլուծված խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ։

Ինչպես նշել է թերթը, Պակիստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները ամենացածր մակարդակի են այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը 2019թ. չեղարկեց Ջամու եւ Քաշմիր հյուսիսային նահանգի հատուկ կարգավիճակը։ Ի պատասխան՝ Պակիստանը հետ կանչեց իր դեսպանին Նյու Դելիից։