Ավստրիացիների՝ կանխիկ գումար օգտագործելու իրավունքը պետք է ամրագրվի երկրի սահմանադրությամբ։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Միայն Ավստրիայում ամեն տարի բանկոմատներից 47 միլիարդ եվրո է հանվում, և միջին հաշվով յուրաքանչյուր ավստրիացի 102 եվրո կանխիկ է կրում իր մոտ: Կանխիկը կարևոր դեր է խաղում մեր առօրյա կյանքում: Այդ իսկ պատճառով ես՝ որպես հանրապետության կանցլեր, մտադիր եմ ապահովել կանխիկի՝ որպես վճարման միջոցի սահմանադրական պաշտպանությունը»,- գրել է քաղաքական գործիչը X սոցիալական ցանցում («X», նախկինում՝ Twitter):
Առաջարկը համահունչ է ընդդիմադիր աջակողմյան ավստրիական ազատության կուսակցության (APS) ավելի վաղ առաջադրված պահանջներին: Վերջին շաբաթների հարցումների համաձայն՝ ավստրիացիների 26-32%-ը պատրաստ է քվեարկել APS-ի օգտին հաջորդ տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ APS-ի նախագահ Հերբերտ Քիքլը մեղադրել է կանցլերին «գաղափարներ գողանալու» մեջ՝ նշելով, որ կանխիկ գումարի իրավունքը վաղուց ուշացել է սահմանադրությամբ ամրագրվելու համար։
Սահմանադրության փոփոխություններն ընդունվում են խորհրդարանում ձայների երկու երրորդով։ APS-ը և իշխող Ավստրիական ժողովրդական կուսակցությունը, որի կազմում է Նեհամերը, միասին ունեն 183 մանդատներից 101-ը մարմնի ստորին պալատում:





























