ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուլիյամ Բերնսը մոտ օրերս կայցելի տարածաշրջան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը, հավելելով, որ այցի մանրամասները կհրապարակի պաշտոնական Վաշինգթոնը:
Նա նաեւ նշեց, որ ամենայն հավանականությամբ, այցի մանրամասները կհրապարակվեն այս շաբաթվա վերջին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսն այս շաբաթ կայցելի Բաքու: «Այցի օրակարգի առաջին տեղում Ղարաբաղի հարցի կարգավորումն է»,- լրագրողներին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում է Turan-ը:
«Նա ունի գաղափարներ, որոնք զարգացրել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ»,- հավելել է Բրայզան:
Ըստ դեսպանի, Բերնսը կքննարկի նաեւ Ադրբեջանի ներքին բարեփոխումները, որոնց թվում են ժողովրդավարական եւ տնտեսական վերաձեւավորումները, էներգետիկ համագործակցության եւ անվտանգության խնդիրները, այդ թվում Կասպյան ավազանում ահաբեկչության դեմ պայքարը:




























