«Ախթամար» ոչ այնքան հայտնի ընկերությունը (սեփականատեր` Լեւոն Սարգսյան) նախատեսում է Հայաստանում ճոպանուղի կառուցել: Այն գտնվելու է Գեղարքունիքի մարզում: Ընկերությունը 2009թ. շվեցարական «Լեյտներ» ընկերությունից ձեռք է բերել եւ ՀՀ տարածք է ներմուծել իտալական արտադրության ճոպանուղի եւ անհրաժեշտ այլ ապրանքներ: Ներմուծված ապրանքների համար կիրառվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը, սակայն ընկերությունը դիմել է նաեւ ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում (3 տարով) ստանալու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ սույն հարցը մտել է կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգ:

«Ախթամարը» պարտավորվում է մինչեւ 2012 թվականի  հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ` մոտ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Չորս ուղեւորի համար միաճոպան նստատեղերով ճոպանուղու կառուցման համար ներդրումները մոտ 830 մլն դրամ են:

Նշենք, որ «Ախթամար» ՓԲ ընկերությունը ՀՀ Գեղարքունիքի մարզում` մոտ 20 հա տարածքում, նախատեսում է իրականացնել խոշոր զբոսաշրջային համալիրի ստեղծման աշխատանքներ, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, տարբեր տեսակի ժամանցային կենտրոններ եւ լեռնադահուկային երթուղային ցանց: