Անգլիայում անհայտ անձինք 26 կատվաձագերով զամբյուղ են դրել բարեգործական կազմակերպության շեմին, գրում է LADBible-ը։ Այժմ կենդանիներին խնամում է կամավորների թիմը։
Բրիստոլում գտնվող բարեգործական կազմակերպության աշխատակիցների հաղորդմամբ, շաբաթվա սկզբին դռան թակոց են լսել: Դուրս գալով փողոց՝ կամավորները շքամուտքում զամբյուղ են գտել, որում 26 կատվի ձագ է եղել։
«Մենք ուժեղ թակոց լսեցինք և բացեցինք դուռը՝ գտնելով այնքան շատ ձագեր, որ սկզբում չկարողացանք հաշվել», - հիշում է բարեգործական կազմակերպության հիմնադիր Քրիստինա Բայկան:
Կինն ավելացրել է, որ բոլոր ձագուկները «անհավանականորեն» կեղտոտ էին և վարակված լվերով։ Ամենայն հավանականությամբ, սկզբում կենդանիներին պահել են գոմում։
Բայկան ամենափոքր ձագին տարել է իր տուն, որտեղ նրան կերակրելու է շշից՝ կաթի խառնուրդով։
«Մենք օժանդակ ստերիլացման ծրագիր ունենք, որն օգնում է ցածր եկամուտներով և արտոնություններով մարդկանց», - հիշեցրել է բրիտանուհին։





























