Երրեւանում, այսօր` հոկտեմբերի 12-ին, կայացել է «Հայկական աշխարհ» ամսագրի շնորհանդեսը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել ամսագրի հիմնադիրներին եւ հեղինակներին՝ Հայկական աշխարհի գաղափարը տարածելու համար: «Հայկական աշխարհն իրականություն է: Եթե 20 տարի առաջ մենք հիմնականում ապրում էինք Հայաստանի ներքին կյանքով եւ մեր շփումները Հայկական աշխարհի հետ սահմանափակված էին, ապա այսօր՝ արագ փոփոխվող աշխարհում, Հայկական աշխարհն ամեն օր ստիպում է մեզ առնչվել իր հետ: Այս առումով, նման նախագծերը Հայկական աշխարհին տալիս են կարեւոր ուղղվածություն. մենք պետք է մեզ համար բացահայտենք Հայկական աշխարհի հարաբերական առավելությունները  եւ այդ ներուժը ծառայեցնենք մեր ժողովրդին եւ Հանրապետությանը»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ աշխարհում ապրող հայերի մեծ մասն այսօր ապրում է Հայաստանից դուրս: «Հետաքրքիր է, որ սփյուռքահայերի 95 տոկոսը Հայաստանում երբեք չի եղել, բայց տարբեր պատճառներով նրանք իրենց իդենտիֆիկացնում են հայության հետ, յուրաքանչյուրը գտնում է իր իդենտիֆիկացման ուրույն ճանապարհը: Մեկի համար դա եկեղեցին, է, մյուսի համար մշակույթը, մայրենի լեզուն, պատմությունը, միասնական ապագան: Այս բազմազանությունը մեր ուժն է եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ ուղիներով պետք է այդ ներուժն օգտագործենք: Հայկական աշխարհում մենք պետք է կարողանանք բրենդավորել հայ արտադրողի լավագտույն նմուշները եւ դրանք տարածենք ողջ աշխարհով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ այսպիսի նախաձեռնություները հայության համար բացահայտելու են նոր հնարավորություններ:

Տիգրան Սարգսյանն Ազգային մրցունակության խորհրդի հետ համագործակցության, Հայկական աշխարհի հայեցակարգը համակողմանիորեն ներկայացնելու եւ հեռուսատեսության ոլորտում երկարամյա վաստակի համար «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր եւ նախագահ Արթուր Եզեկյանին պարգեւատրել է վարչապետի հուշամեդալով:

 Հայկական աշխարհի հայեցակարգը համակողմանիորեն ու օբյեկտիվորեն վերլուծելու, հեռուստատեսության եւ լրագրության ոլորտներում երկարամյա վաստակի համար «Հայկական աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտեմ Երկանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի:

Հայկական աշխարհ ամսագրի նպատակն է՝ հանրությանը ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերի ձեռքբումները, հաջողություններն ու գործունեությունը: