Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի անկախության 20-ամյակի հոբելյանական տարում առաջին անգամ պետականորեն նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, եւ դա մեր համակարգի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման ու պետական հոգածության իրական դրսեւորումներից է:
Հետեւողականորեն ընթանալով տնտեսական բարեփոխումների ճանապարհով, հանրապետության նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը փոքր, բայց իրական քայլերով շարժվում է դեպի զարգացման մի այնպիսի հանգրվան, ուր մեր հողից ստացված բերք ու բարիքով հնարավոր կլինի ամբողջովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը:
Հարգելի գործընկերներ, գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում խաղաղ, ստեղծագործ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի զորացում:
Երջանիկ եղեք, առողջ ու պինդ ձեր աշխատանքի ու հավատի մեջ»:




























