Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հաղորդել են ադրբեջանական աղբյուրները, գրում է «Независимая газета»-ն:

Աղբյուրը նշում է, որ առաջարկը ստացվել է Ֆրանսիայի առաջնորդի տարածաշրջանային այցի ժամանակ: Առաջարկը քննարկվել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հետ եւ հավանության է արժանացել:

Ռուսական պարբերականը գրում է, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը. «Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ինչ-որ տարօրինակություններ են բխում»:

2009թ. հուլիսի 10-ին Իտալիայի Ակվիլա քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարությունում հրապարակեցին ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները եւ համանախագահների հանձնարարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007թ. Մադրիդյան փաստաթղթի վերանայված տարբերակը:

Ակվիլայում հրապարակած սկզբունքները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համատեղ հայտարարությունում հնչեցրին նաեւ  2010թ. հունիսի 26-ին Կանադայի Մուսկոկա քաղաքում:

Հունիսի 24-ին Կազանում ղարաբաղյան կարգավորմանը նվիրված Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում եւս բանակցայի բեկում չարձանագրվեց: