Հայ կանայք տարեցտարի ավելի իրազեկված են դառնում եւ գիտակցում, որ բռնությունների ենթարկվելու դեպքում իրավունք ունեն դիմելու համապատասխան մարմիններին: Հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:

Վերջինիս խոսքով, կենտրոնը օրական 15-ից 20 զանգ է ստանում, եւ այդ զանգերի կեսը վերաբերում է ընտանեկան բռնություններին: 2011թ. ընթացքում ստացվել է 1782 զանգ: Այդ զանգերից 1348-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը` 481-ը` ֆիզիկական, 854-ը` հոգեբանական, 13-ը` սեռական բռնությանը:

Սուսաննա Վարդանյանը բռնությունների ենթարկված կանանց կոչ է արել հրաժարվել կարծրատիպերից, դիմել ոստիկանությանը:

Ի դեպ, կենտրոնի տնօրենի խոսքով, Հայաստանում ավելի շատ բռնությունների ենթարկվում են 26-ից 46 տարեկան կանայք: Խոսելով կանանց կողմից տղամարդկանց բռնություն ենթարկելու փաստի մասին, Սուսսաննա Վարդանյանը նշել է, որ մեծամասամբ դա պատասխան բռնություն է լինում:

Ի դեպ, իրավագիտակցության աճի մասին է խոսում այն փաստը, որ 2010թ. Ընթացքում կենտրոնում ստացվել է 1268 զանգ, իսկ այս տարվա 9 ամիսների ընթացքում ստացված զանգերն արդեն զգալիորեն գերազանցել են այդ թիվը: