Առողջ բանականություն ունեցող որեւէ մեկը չի կարող հերքել այն հայտնի թեզը, որ մրցակցությունն է տնտեսության շարժիչ ուժը: 20 տարի առաջ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ անցնում ենք շուկայական տնտեսության, սակայն հզոր օլիգարխիկ կառույցները մինչ այժմ լուրջ խոչընդոտ են դրա ճանապարհին: Ամերիկացի տնտեսագետներից մեկը մի առիթով հայտարարել է, որ տարբերություն չի տեսնում կոմունիստական տնտեսական համակարգի ու մենաշնորհացված տնտեսական համակարգի միջեւ, ու սա ճշմարտությունից հեռու չէ: Ի վերջո` 2 դեպքում էլ որոշումներն ընդունվում են կենտրոնացված կարգով:
Չի կարելի ասել, թե Հայաստանը ոչինչ չի արել ու չի անում հակամենաշնորհային քաղաքականության առումով: Կարելի է նույնիսկ ասել` ավելի շատ ենք արել, քան հարեւան Վրաստանում, որտեղ ի դեպ նույնպես բազմաթիվ մենաշնորհներ կան: Զարմանալիորեն` 2 երկրների օլիգոպոլիկ համակարգերն իրար շատ նման են: Օրինակ` եւ Հայաստանում, եւ Վրաստանում շաքարավազի շուկան գտնվում է 1 հոգու վերահսկողության ներքո: Կամ` գերիշխող դիրքեր են հաստատվել բենզինի եւ դիզվառելիքի շուկայում, ընդ որում` Վրաստանում կենտրոնացվածության աստիճանն ավելի բարձր է: Եթե մեզ մոտ այս շուկայում գործում են գոնե 3 բավական ուժեղ ընկերություններ, ապա Վրաստանում միայն 1 ընկերություն` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը տիրում է բենզինի շուկայի 62 տոկոսին, եւ դիզվառելիքի շուկայի 75 տոկոսին:
Արժե նաեւ հիշեցնել, որ Վրաստանը մինչ այսօր չունի մրցակցությունը վերահսկող հատուկ մարմին` այն լուծարվել է դեռեւս 2005 թ. (անարդյունավետության պատճառով): Ու միայն Եվրամիության ճնշման ներքո Վրաստանում մշակել են մի օրինագիծ (այն դեռեւս չի ընդունված), որով խստացվել է գերիշխող դիրքի չարաշահումների նկատմամբ քաղաքականությունը:
Չի կարելի ասել, թե Հայաստանի հակամենաշնորհային մարմինը նախկինում փայլուն էր աշխատում` այն շատ հանգիստ կարելի էր նույնպես լուծարել 2005 կամ 2006 թվականներին: Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում ձեւավորված օլիգարխիական կառույցները սերտաճած են իշխանության հետ ու կազմում են քաղաքական համակարգի անբաժան մասը: Ուստի նրանց արարքների դեմ իբր պայքարող հակամենաշնորհային մարմինը շատ դեպքերում հիշեցնում է Դոն Քիշոտին` ջրաղացների դեմ կռիվ տալիս:
Բայց ժամանակն ապացուցեց, որ օլիգարխիական կառույցները բավականաչափ արդյունավետ չեն: Հայաստանը Ադրբեջանից ետ է մնում տնտեսական զարգացման տեմպով, ու դրա պատճառներից մեկն էլ հենց մրցակցության բացակայություն է մեր շուկաներում:
2011 թ. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորություններն ընդլայնեցին: Ոչ այն չափով, ինչ իրենք էին ուզում ու եվրոպացի փորձագետներն էին առաջարկում: Հանձնաժողովին չտվեցին ստուգում անելու իրավունք, բայց պատժիչ լիազորություններն ավելացվեցին: Արդյունքները հետեւյալն են` պատժվողներն ավելացել են, պատիժները խստացել են, իսկ մրցակցությունը դոփում է, թեեւ խոստովանենք` պատժվելու հեռանկարը որոշակի զսպող ազդեցություն թողնում է:
Օբյեկտիվորեն` մեր օլիգարխներն այնքան են ուժեղացել ու ամրապնդվել շուկայում, որ կարող են հանգիստ վերաբերել մրցակցության հավասարեցման ջանքերին: Նրանք այլեւս անհավասար մրցակցության կարիքը չունեն, ինչպես նախորդ տասնամյակներում, որի շնորհիվ էլ բարգավաճում էին: Հիմա որեւէ մեկը կարող է արդյո՞ք հույս ունենալ, թե կարող է շաքարավազի շուկայից դուրս մղել Սամվել Ալեքսանյանին, եթե անգամ հավասար մրցակցություն լինի: Գործնականում դա անհնար է, ու մոտավորապես այդ վիճակն է այլ շուկաներում: Բայց խնդիրն այն է, որ մեր տնտեսության վարչահրամայական բարձունքներին տիրացած անձինք հին մտածողության կրողներ են ու անընդունակ նորարարական լուծումներին: Սա այն ուժը չէ, որ Հայաստանին առաջ կտանի տարածաշրջանային մրցակցությունում: Դրա համար մեզ ավելի համակցված լուծումներ են պետք:
Սամվել Ավագյան




























