Լեհաստանի կառավարությունը երեքշաբթի օրը կոչ է արել Եվրամիությանը երկարաձգել ուկրաինական հացահատիկի ներկրման էմբարգոն մինչև շաբաթվա վերջը՝ լեհ ֆերմերներին պաշտպանելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ խնդրել է Եվրահանձնաժողովին երկարաձգել ուկրաինական եգիպտացորենի, ցորենի, արևածաղկի և ռապևի սերմի ներկրման արգելքը, հակառակ դեպքում՝ «մենք ինքներս կանենք դա, քանի որ չենք կարող թույլ տալ շուկայի ապակարգավորում»։

Խոսելով Լեհաստանի գյուղատնտեսական արևելյան շրջանում գտնվող Կոսովոյի Լաք գյուղի ֆերմերների հետ՝ Մորավիեցկին ասել է, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն առանցքային կլինեն լեհական գյուղատնտեսության ապագայի համար: Իշխող Պահպանողական իրավունք և արդարություն կուսակցությունը ձգտում է իր նախընտրական քարոզարշավին ներգրավել ֆերմեր ընտրողներին:

Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան, Բուլղարիան և Ռումինիան, գործելով Եվրամիության որոշման համաձայն, ապրիլից մինչև սեպտեմբերի 15-ն էմբարգո են սահմանել ուկրաինական չորս հացահատիկի վրա՝ կանխելու իրենց ներքին շուկաներում գերբեռնվածությունը, որը կարող է վնասել իրենց ֆերմերներին: Միայն կնքված ապրանքների տարանցումը թույլատրվում է Ուկրաինային օգնելու իր ապրանքներն արտասահման առաքել, քանի որ Ռուսաստանն արգելափակում է արտահանման իր սովորական ուղիները:

Ավելի վաղ Մորավիեցկին X հարթակում, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, գրել էր, որ «Լեհաստանը թույլ չի տա, որ ուկրաինական հացահատիկը հեղեղի մեզ»։