Քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով: ԿԸՀ-ում կայացած ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը՝ ներկայացնելով մինչև ժամը 14:00-ն ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։
«Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,- նշեց նա:
Ստացվել է տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում գտնվելու վերաբերյալ:
«Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է»,- մանրամասնեց նա:
Եվս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից:
«Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, իսկ իրենք հայերեն լեզվին չեն տիրապետում, թեև ընտրելու իրավունք ունեն։ Հանձնաժողովներին հրահանգվել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ»,- ասաց Ժիրայր Կարապետյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել էր, որ Երևան համայնքի 824 հազար 250 ընտրողից 14 հազար 653-ը ոչ ՀՀ քաղաքացիներ են։ Երևանի ավագանու այս ընտրություններին ընտրական իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի, 11 հազար 890 ՌԴ քաղաքացի։ Կան նաև այլ երկրների քաղաքացիներ։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին այսօր մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք։




























