ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում իր դեմ հարուցված գործերի պատճառով բանտում հայտնվելուց և բոլոր մեղադրանքները քաղաքական է համարում։
«Ես չեմ անհանգստանում, նույնիսկ չեմ մտածում այդ մասին, ես այլ կերպ եմ ստեղծված», - ասել է նա NBC-ին տված հարցազրույցում: «Մարդիկ էին մոտենում ինձ և հարցնում, թե ինչպես եմ դա անում: Ես դրա մասին չեմ էլ մտածում։ Ես գործ ունեմ կոռումպացված մարդկանց հետ, որոնք կործանում են մեր երկիրը։ Ես պարզապես մտածում եմ այն մասին, թե ինչպես Ամերիկան կրկին մեծ դարձնել»:
«Դրանք քաղաքական, բանանային հանրապետության, երրորդ աշխարհի ոճի մեղադրանքներ են»,- հավելել է հանրապետականը։
Հարցին, թե կարո՞ղ է ինքն իրեն ներում շնորհել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, եթե հաղթի նախագահական ընտրություններում, Թրամփը հայտարարել է, որ դա քիչ հավանական է։ «Կարծում եմ, որ դա շատ քիչ է հավանական: Ի՞նչ վատ բան եմ արել։ Ոչինչ»,- ասել է նա։
ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը օգոստոսի 1-ին հայտարարել էր, որ Թրամփին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով։ Նա փաստացի մեղադրվում է իշխանությունն անօրինական կերպով պահպանելու փորձի մեջ՝ չնայած 2020 թվականի ընտրություններում նրա պարտությանը։ Քաղաքական գործչին մեղսագրվող հանցագործություններից ամենածանրի համար առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է։





























