Սեպտեմբերի 16-17-ը Մալթայում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի և նրանց պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 12 ժամ։ Այս մասին հանդիպմանը նվիրված հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Երկու օրվա ընթացքում շուրջ 12 ժամ միասին ենք անցկացրել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ խոսքը մի շարք հանդիպումների մասին է։

Պաշտոնյան նաև հաստատել է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարք հանդիպումներ կանցկացնեն՝ տարածաշրջանի անվտանգության հարցերը քննարկելու համար։ Նրա խոսքով, «երկու կողմերն էլ կարևոր են համարում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները կայունացնելու ջանքերը»։ Միաժամանակ գործադիր իշխանության ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը Պեկինին մտահոգություն է հայտնել Թայվանի նեղուցում նրա գործողությունների կապակցությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, Սալիվանն ու Վան Ին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Թայվանում։