Գարեգին Բ-ն, հոկտեմբերի 15-ին, ավարտել է իր հայրապետական այցը ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ եւ վերադարձել է Էջմիածին:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում, բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ին, Գարեգին Բ-ի 60-ամյակի առթիվ Նյու Յորքում կազմակերպվել է ճաշկերույթ:
Այստեղ նշվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի 2011թ. մարտի 17-19-ի ժողովին «Հոգեւոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ» ստեղծելու որոշման մասին, որի նախագահն է տիար Պերճ Սեդրակյանը:
Իր խոսքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն որոշել է իր կրթաթոշակային ծրագրից այս նպատակին հատկացնել մեկ մլն. ԱՄՆ դոլար: Այս առիթով տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանները, որոնց հոգածությամբ կազմակերպվել էր ճաշկերույթը, հիմնադրամին նվիրաբերել են մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար: Մեկ մլն. ԱՄՆ դոլարի նվիրատվություններ են կատարել նաեւ Մայր Աթոռի բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները եւ տեր եւ տիկին Հրաչ եւ Սյուզան Թուֆայանները: Տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները հիմնադրամին են նվիրաբերել 250 հազար ԱՄՆ դոլար գումար, 100 հազարական ԱՄՆ դոլար են նվիրել տեր եւ տիկին Երվանդ եւ Մելիսա Դեմիրճյանները, տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանները, տեր եւ տիկին Նշան եւ Մարգարետ Աթինիզյանները: Տեր եւ տիկին Հարրի եւ Էդնա Քելեշյանները, Օսկար Թաթոսյանը եւ Ջերրի Դեմիրճյանը այս նպատակին հատկացրեցին յուրաքանչյուրը 50 հազար ԱՄՆ դոլար: Տեր եւ տիկին Ջորջ եւ Ալիս Գեւորգյանները, տեր եւ տիկին Զավեն եւ Առլին Դադեկյանները, տեր եւ տիկին Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները, դոկտ. եւ տիկին Հարություն եւ Շաքե Մեխճյանները հիմնադրամին նվիրաբերել են 25 հազարական ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի նախագահը հայտնել է նաեւ, որ նույն նպատակի համար թեմի հայորդյաց կողմից արդեն հավաքվել է մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար: Նվիրատվությունները շարունակվում են:
Վերադարձի ճանապարհին` Փարիզում, հոկտեմբերի 14-ին, Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա գոհունակությամբ է ընդունել հաղորդումն այն մասին, որ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու Խորհուրդը լուծարվել է հոկտեմբեր 2-ին կայացած Ընդհանուր անդամական ժողովի որոշմամբ:




























