Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը իր Կանադա այցելության ընթացքում ծանոթացել է Մոնրեալի կառավարման մոդելին, ներդրումային մթնոլորտի ձեւաորման սեփական փորձին:

Կանադա այցելությունը տեղի է ունեցել Մոնրեալի քաղաքապետարանի եւ Մոնրեալի հանրային խորհրդատվության գրասենյակի (OCPM) հրավերով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Երեւանի պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը: Ողջունելով հյուրերին, Մոնրեալի քաղաքապետը կարեւորել է երկու քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը` այդ համատեքստում նշելով նաեւ  տեղի հայ համայնքի եւ հոգեւոր թեմի դերակատարությունը Մոնրեալի թե տնտեսական թե մշակութային կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ  համագործակցության,  մասնավորապես երկու քաղաքների միջեւ տեխնիկական աջակցության եւ փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաեւ հոկտեմբերի 24-ից 27-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի 31-րդ գլխավոր վեհաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում Երեւանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ Հարութ Շիթիլյանի հետ եւ նրան է փոխանցել Երեւան այցելելու քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի հրավերը:

Այդուհետ երեւանյան պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Էվերլեկյանի եւ քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքը, գործունեության ռազմավարությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Կանադական կողմն իր հերթին ներկայացրել է Մոնրեալի կառավարման մոդելը, ներդրումային մթնոլորտի ձեւաորման սեփական փորձը: Քննարկվել են նաեւ փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպման հնարավորությանն առնչվող հարցեր:

Երեւանի պատվիրակության անդամները ծանոթացել են Մոնրեալի հանրային խորհրդատվական գրասենյակի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաեւ հնարավորություն են ունեցել ներկա գտնվել հանրային քննարկումներին:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մոնրեալի օմբուդսմենի, ինչպես նաեւ Կանադական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ: Վերջիններիս հետ քննարկվել են Մոնրեալի քաղաքային տնտեսության ոլորտում հաջողված ներդրումային ծրագրերին, ինպես նաեւ Երեւանում նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Երեւանի պատվիրակությունը ներկա է գտնվել Կանադայում հայկական առջնորդարանի եւ հայ համայնքի կողմից կազմակերպվա Հայաստանի Հանրապետության անկախության 20–ամյակին նվիրված միջոցառումներին , ինչպես նաեւ այցելել է հայկական կրթօջախներ: