Լոռիի մարզում արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, որի առատությունը նախորդ տարվա համեմատությամբ, գերազանցել է սպասելիքները: Մարզի Ջրաշեն համայնքը, որն առավել հայտնի է որպես կարտոֆիլի ու կաղամբի հայրենիք, այս տարի ցանել է 90 հա կարտոֆիլ, ստացված բերքից համայնքի գյուղապետ Վահան Ուռուսյանը, ինչպես նաեւ գյուղացիները, դժգոհ չեն: Ջրաշենում նաեւ մթերման խնդիր չկա, քանի որ գյուղամերձ ճանապարհը այդ օրերին ամեն տարի վերածվում է փոքրիկ շուկայի, հողից դուրս բերված կարտոֆիլն անմիջապես վաճառվում է ճամփեզրի հատվածում:
Մեկ կգ կարտոֆիլի գինը տատանվում է 150-200 դրամի միջակայքում, գնորդի պակաս էլ այս համայնքում չկա, քանի որ գյուղը գտնվում է անմիջապես միջպետական ճանապարհի վրա: Մարզի մեկ այլ` Մեծ Պարնի համայնքում եւս սպառման խնդիր չկա: Ցանված 200 հա կարտոֆիլը գյուղացիներն իրացնում են` բեռնատարներով քաղաք տեղափոխելով: Համայնքի գյուղապետ Հրայր Յուղուբյանի խոսքով, անցած տարվա բերքի մեծ պահանջարկն է գյուղացուն ստիպել այս տարի ավելի շատ ցանել, բացի այդ, Մեծ Պարնիում ձեռք են բերել գերմանական կարտոֆիլի սերմացու, ինչն էլ առավել արդյունավետ է դարձնում բերքատվությունը: Շիրակամուտ համայնքում կարտոֆիլի բերքն ամբողջությամբ դեռ չեն ստացել, սակայն գյուղապետ Սամվել Մազմանյանի խոսքով, եթե անգամ գյուղացիներին չի հաջողվում իրենց ցանկացած գնով իրացնել բերքը, նրանք նախընտրում են մարզկենտրոնում կամ մարզի այլ համայնքներում կարտոֆիլը փոխանակել կենցաղային այլ ապրանքների հետ:
Նման իրավիճակ չէ սակայն մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներում, որոնք այս տարի լուրջ վնասներ կրեցին կարկուտից ու հորդառատ անձրեւներից:
Հիշեցնենք, որ չնայած գյուղնախարարության տված բազում խոստումներին, մինչ այս պահը մարզում տեղադրվել է միայն մեկ հակակարկտային կայան, այն էլ` շարժական:




























