«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերությունը կոչ է անում գազի սպառողներին առանձնապես զգույշ լինել գազի սարքավորումների օգտագործման ժամանակ:   

Հայաստանի տարածքում եղանակային պայմանների փոփոխության եւ օդի ջերմաստիճանի նվազելու պատճառով զգալիորեն բարձրացել է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը:

Ջեռուցման սեզոնի նախօրյակին գազի անվտանգ օգտագործման նկատմամբ ուշադրությունը բարձրացնելու, ինչպես նաեւ կենցաղում գազօգտագործման ժամանակ դժբախտ պատահարները կանխելու նպատակով, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը հիշեցնում է գազ սպառողներին, որ գազի սարքերի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է անշեղորեն պահպանել անվտանգության կանոնները:

Այդ կանոններն են.

- Ստուգել քարշի առկայությունը ծխաօդատար ուղիներում: Քարշի բացակայության կամ թույլ քարշի դեպքում չօգտագործել գազի սարքավորումները, դա չափազանց վտանգավոր է կյանքի եւ առողջության համար: Գազի հետագա օգտագործումը հնարավոր է միայն ծխնելույզները եւ օդափոխիչ ուղիները համապատասխան ծառայությունների կողմից ստուգվելուց եւ մաքրվելուց հետո;

- Չօգտվել գազի ջեռուցման եւ ջրատաքացուցիչ սարքերից ուժեղ քամու ժամանակ:

- Չի թույլատրվում տեղակայել հարկադիր արտաքաշիչ օդափոխության համակարգեր այն շինություններում, որտեղ առկա են բաց այրման հոսքով գազի սարքավորումներ:

- Չօգտվել գազի սարքավորումներից, եթե անվտանգության ազդանշանային համակարգն անսարք է:

- Չթողնել առանց հսկողության միացած գազի սարքավորումները:

- Չանջատել այրվող գազի ազդանշանիչ սարքը եւ վթարային անջատիչ կափույրները:

- Չօգտագործել այն շինությունները քնի եւ հանգստի համար, որտեղ տեղադրված են գազի սարքավորումներ:

- Խստորեն արգելվում է գազօջախն օգտագործել շինությունը տաքացնելու համար:

- Չփակել օդափոխիչ ուղիների մուտքը, ապահովել շինությունների մշտական եւ հուսալի օդափոխությունը, որտեղ տեղադրված են գազի սարքավորումներ:

- Յուրաքանչյուր անգամ գազի սարքավորումը օգտագործելուց հետո պարտադիր փակել ծորակները եւ փականները:

- Գազի հոտը զգալու դեպքում անհապաղ դադարեցնել գազի սարքավորումների օգտագործումը, փակել բոլոր ծորակներն ու փականները, բացել պատուհանները` շինությունն օդափոխելու համար, եւ դիմել գազի վթարային ծառայությանը` <<104>> հեռախոսահամարով: