Վրացիների ավելի քան 50%-ը կարծում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պետք է ներում շնորհել։ Այս մասին են վկայում Formula հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի հարցման տվյալները։

Հարցման արդյունքների համաձայն՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելուն կողմ է արտահայտվել քաղաքացիների 58%-ը, դեմ է եղել հարցվածների 42%-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր Վրաստանի 1500 քաղաքացի։

Ընդդիմությունը բազմիցս կոչ է արել Զուրաբիշվիլիին ներում շնորհել Սաակաշվիլիին, սակայն նախագահը վկայակոչում է այն փաստը, որ նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, և եթե նրան ներում շնորհի այն գործերով, որոնց համար դատավճիռ է կայացվել, իշխանությունները կարող են նրան ձերբակալել այլ հանցագործությունների կասկածանքների հիմքով։ Նաև, ինչպես նա ավելի վաղ հայտարարել էր, Սահակաշվիլիի ազատ արձակումը կարող է բացասական արձագանք առաջացնել հասարակության մեջ։