Գյումրիում կրկին ավելացել են փայտի վաճառակետերը. շատ ընտանիքիներ, ովքեր անգամ բնակվում են սեփական տներում ու շենքերում, նախընտրել են ձմռանը տաքանալ փայտով, քանի որ կապույտ վառելիքը թանկ է: Զուգահեռաբար բարձրացել է նաեւ փայտի գինը: Մեկ խմ փայտը անցած տարի վաճառվում էր 14 հազար դրամով, գարնանը 15 հազարով, հիմա ամենացածր գինը 17 հազար  դրամն է: Որոշ ընտանիքներ էլ ձեռք են բերել գոմաղբ եւ եւ որոշել են տաքանալ ավանդական եղանակով:

Ավետիք Սերոբյանը, ով Շիրակի մարզի  Հովիտ գյուղից է, NEWS am-ի թղթակցի հետ զրուցել է Գյումրիի փայտի շուկայում: Նա նշել է, որ, 6 խմ փայտ է գնել, որպեսզի գոմաղբի հետ վառի ու ձմռանը տաքանան: «Շրջական գյուղերի բնակիչներն էլ, ովքեր որ գազ ունեն, հրաժարվում են: Ձեռք չի տալիս, ամսական 70-80 հազար դրամ է գալիս, գյուղացին ինչպե՞ս վճարի»,-դժգոհել է Ավետիք Սերոբյանը: Նա պատմել է, որ մի քանի մեքենա գոմաղբ է վաճառել, որ կարողանա փայտ գնել. «Դե փայտի տաքությունն ուրիշ է էլի, գոմաղբը վաճառել, փայտ եմ առել: 5 մեքենա գոմաղբ եմ վաճառել, գնել են մեր գյուղից, շրջակա գյուղերից, Ախուրյանից, անգամ Գյումրիից: Մեկ մեքենա աթարը վաճառել եմ 40 հազար դրամով»,-ասել է նա:

Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի բնակիչ Մառլեն Մանուկյանը մեկն է այն գյումրեցիներից, ով այս տարի եւս աթար է վառելու: «10 խմ փայտ ունենք ամբարած, մինչեւ ապրիլ կբավականացնի, փայտը գնել, կտրել ու ամբարել եմ  դեռ գարնանը ավելի էժան գնով` 15 հազար դրամով»,-պատմել է Մառլեն Մանուկյանը: