Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունների ղեկավարները նախ ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը, որոնց շուրջ մինչ այժմ քննարկումներ եւ խորհրդակցություններ են անցկացվել անդամ-պետությունների համապատասխան մարմինների կողմից: Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման եւ դրա շրջանակում մինչ 2020 թվականն իրականացվելիք ծրագրերի երկրորդ փուլում՝ 2012-2015 թթ, ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Անուհետեւ կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են մինչեւ 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջեւ նորարարության ոլորտում միջպետական համագործակցության եւ երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագրերին, կապի եւ տեղեկատվական հաղորդակցության ոլորտում 2012 թվականին ԱՊՀ երկրներում իրականացվելիք միջոցառումներին, ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ դրամաշրջանառության կարգավորման եւ վերահսկողության համաձայնագրի հիմնական սկզբունքների միասնական քաղաքականության հաստատմանը:
ԱՊՀ անդամ-երկրների գործադիր մարմինների ղեկավարներն արծարծել են նաեւ ԱՊՀ մասնակից-պետությունների Հայրենական մեծ պատերազմի վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների եւ նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվելիք բժշկական եւ սոցիալական օգնությանն ու կյանքի որակի բարձրացման նպատակով 2012 թվականին իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորմանը, ԱՊՀ մասնակից-պետություններ երրորդ երկրներից մուտք գործող քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի համաձայնագրին, միասնական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման եւ զարգացման նպատակով 2012 թվականին միջոցների հատկացմանն առնչվող հարցեր:
Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2012թ. միասնական բյուջեն։
Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։




























