Երեւանում հոկտեմբերի 14-ին մեկնարկած «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը Հայաստանը արդեն երրորդ անգամ դարձրել է բնապահպանական խնդիրների քննարկման լայն հարթակ` բնապահպանության խնդիրներով հետաքրքրված անհատների ու կազմակերպությունների հնարավորություն ընձեռելով ոչ միայն գաղափարներ ու փորձ փոխանակել, այլեւ`  միմյանց հետ համագործակցության նոր եզրեր գտնել:

Փառատոնի ամենալուրջ ձեռքբերումն այս տարի ֆիլմերի հագեցած ծրագիրն էր. ավելի քան 70 ֆիլմ աշխարհի 30  երկրներից միաժամանակ ցուցադրվել են Երեւանի 11 կինոսրահներում: Փառատոնի ներկայացրած ֆիլմերը դիտել է շուրջ 4.000 հանդիսատես, որոնցից 2.000-ը` երեխաներ:  Փառատոնն ուներ 3 մրցութային ծրագիր եւ մեկ տեղեկատվական: Մրցութային ծրագրում ներգրավված ֆիլմերը մրցել են Վայրի բնություն, Բնապահպանական, եւ Մանկապատանեկան ֆիլմեր ծրագրերում: Փառատոնն ուներ նաեւ առանձին տեղեկատվական ծրագիր: Արեւորդու շրջանակներում հանդիսատեսը վայելել է բնապահպանական ֆիլմերի փայլուն ընտրանի` հնարավորություն ունենալով այդ ֆիլմերի միջոցով  առավել լավ ճանաչելու Երկիր մոլորակը, մասնավորապես` այն բոլոր բնապահպանական խնդիրները, որոնք այսօր ծառացած են Երկիր մոլորակի եւ նրա բնակչության առջեւ:

Այս տարի փառատոնը բացվել է ֆրանսիացի վավերգիր Պատրիկ Ռուսելի «GREEN»ֆիլմով: Ինքը` ռեժիսորը փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էր:

ԱՐԵՎՈՐԴԻՆ ունեցել է փառատոնային 5 հագեցած օր` լի բազմաբնույթ միջոցառումներով եւ ակցիաներով, այդ թվում`  ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, համերգներ,  լուսանկարների ցուցահանդեսներ, դիմակահանդես-շքերթ, հանդիպումներ, քննարկումներ, միջազգային համաժողով: Փառատոնի շրջանակներում նշվել է նաեւ Կենդանաբանական այգու 70-ամյակը:

ԱՐԵՎՈՐԴԻ փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կայացել է  հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, Մոսկվա կինոթատրոնում: Արարողության ժամանակ փառատոնի նախագահ Ռուբեն Խաչատրյանը եւ ժյուրիի անդամները հայտարարել են փառատոնի մրցանակակիրներին: Ըստ այդմ` մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում ժյուրիի հատուկ մրցանակի են արժանացել հետեւյալ ֆիլմերը` «Ֆանտաստիկ աշխարհ» Անն Տորացա (Իտալիա), «Խաղեր փոշու հետ»,  Ուրցաձորի Արեւորդի Էկոակումբ (Հայաստան), «Համաձայն չեմ», Երեւանի «Արեւորդի» Էկոակումբ (Հայաստան), լավագույն մանկական անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Իսկ դուք վերաօգտագործո՞ւմ եք»  Էնրիկե Ֆրեյրե, Ալբերտո Ֆերնանդես Սամուել (Իսպանիա), Լավագույն մանկապատանեկան ֆիլմ ճանաչվեց «SOS Սեւան» -ը` Նորատուսի «Արեւորդի» էկոակումբ (Հայաստան):

Բնապահպանական ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել «Սպառման hամտես» ֆիլմը` Վալենտին Թուրն (Գերմանիա), պատվավոր մրցանակի` «Անապատի դեմն առած մարդը»,Մարկ Դոդ (Անգլիա), իսկ ահա լավագույն բնապահպանական ֆիլմ ճանաչվեց «Փշրված լուսին»-ը ,Մարկուս Նեգրան (Բրազիլիա):

«Վայրի բնություն» մրցութային ծրագրում Ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել «Ռադիոակտիվ Գայլեր»-ը, Քլաուս Ֆայխթենբերգեր (Ավստրիա): Ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ գերմանացի Օլիվեր Գյոցլի «Ֆինլանդիա» ֆիլմը, «Վայրի բնություն» մրցությաին ծրագրի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Վայրի բնության պահապանը» ֆիլմը, Ռոբերտ Ռայխլ,(Սլովակիա):

Փառատոնը սահմանել էր մեկ հատուկ մրցանակ` «Արեւորդի» փառատոնի ընտրություն: Այն առաջինը այս տարի ստացել է ֆրանսիացի վավերագիր Պատրիկ Ռուսելի «GREEN» ֆիլմը, որով բացվել էր փառատոնը:  Մրցանակը տրվել է անձամբ Պատրիկ Ռուսելին:

Փառատոնի փակման ֆիլմն այս տարի  օսկարակիր «Ծովախորշ»-ն էր (THE COVE), որի հեղինակը հայտնի վավերագիր Լուի Սիոհոյսն է:

Արեւորդի փառատոնը կեզրափակի իր աշխատանքներն այսօր, հոկտեմբերի 19-ին` Երեւանի Կենդանաբանական այգում: Ժամը 15.00-ին այստեղ կներկայացվի  այգու 70- ամյակի շրջանակներում կայացած «Խաղաղության այգի»  արվեստի նախագիծը եւ կամփոփվեն արդյունքները: «Խաղաղության այգի» նախագիծն իրականացնում են տարբեր երկրների արվեստագետներ: