Ստրասբուրգում այսօր` հոկտեմբերի 19-ին,  բացվել է Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որը կրում է «Հարուստ ավանդույթներով դեպի նոր նվաճումներ» խորագիրը: NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարությունից հայտնեցին, որ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի  21-րդ նստաշրջանի շրջանակում:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու Կոնգրեսի նախագահ Կիթ Ուիթմորը (Keith Whitmore): «Այս ցուցահանդեսը մի փոքր անդրադարձ է մեր երիտասարդ հանրապետության եւ նրա համայնքների պատմությանը: Փորձել ենք ներկայացնել մեր անցած ճանապարհի կարեւոր դրվագները, ինչպես նաեւ ծանոթացնել մեր պատմամշակութային հարուստ ժառանգությանը: Հայաստանը թեեւ քսանամյա հանրապետություն  է,  սակայն հայտնի է իր բազմադարյա մշակույթով, գեղեցիկ բնաշխարհով,  քրիստոնեական հնագույն կոթողներով, որոնք նաեւ եվրոպական մշակութային ժառանգության մի մասն են»,- նշել է Ա. Գեւորգյանը: Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել պատվիրակների շրջանակում: Լուսանկարների հեղինակը Մարտին Շահբազյանն է: