Աշխատանքային այցով Շիրակի մարզ է ժամանել Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նա բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստն է գումարել Գյումրիում: Նիստի ընթացքում քննարակվել են բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Մուշ 2 նորակառույց թաղամասում 2010-ին բնակարաններ ստացած, բայց դրանք չօրինականացրած քաղաքացիների հետ կապված խնդիրների կարգավորման մասին:
Մինչեւ նոյեմբերի 1-ը անօթեւանները պարտավոր են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Կան նաեւ շատ ընտանիքներ, որոնք ընդհանրապես չեն ներկայացրել: Վարդան Վարդանյանը վիճակահանության ուշացումը պայմանավորել է նաեւ վերոհիշյալ հանգամանքով: «Քաղաքացիները փաստաթղթերը չեն ներկայացրել ժամանակին, բազմաթիվ պատճառներով ուշացրել են եւ հենց դրա համար ուշանում է նաեւ վիճակահանությունը»,-հայտարարել է Վարդան Վարդանյանը: Քաղաքաշինության նախարարն անրադարձել է նաեւ սեփականաշնորհման խնդրին: Այս հարցը հուզում է հատկապես 2010 թվականին Մուշ-2 նորակառույց թաղամասում շահագործման հանձնված բնակարանների բնակիչներին:
Մի քանի սեփականատերեր նախքան գործընթացի մեկնարկը մահացել են, նրանց հարազատաներն այսօր չեն կարող իրականացնել սեփականաշնորհում եւ կարող են տանիքից զրկվել: «Օրենքն է թելադրում, որ եթե սեփականատերը մահացել է, ուրեմն բնակարանից զրկվում է նրա ընտանիքը»,- ասել է Վարդան Վարդանյանը:




























