Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ իր երկիրը հետեւում է միջազգային իրավունքին եւ պատերազմի վարման օրենքներին։

«Ես հիասթափված եմ, որ դուք անմիջապես այդ մասին եք հարցնում։ Դուք տեսել եք (ինչ է տեղի ունենում), դուք բոլորդ այնտեղ էիք։ Եվ հիմա իսկապես սկսում ենք ռազմական հանցագործությունների մասին հռետորաբանությունի՞ց»,- Երուսաղեմում ընթացող ճեպազրույցում ասել է նա՝ պատասխանելով CNN-ի հարցին։

«Իսրայելը հետեւում է միջազգային իրավունքին, գործում է միջազգային իրավունքին համապատասխան։ Յուրաքանչյուր գործողություն ստուգվում է իրավաբանորեն»,- ավելացրել է Հերցոգը։ Ռազմական հանցագործությունների մեղադրանքները կտրված են «համատեքստից», կարծում է նա։

Իսրայելին մեղադրում են պաղեստինցիներին հավաքական պատժելու մեջ ՀԱՄԱՍ-ի հարձակման համար։ Հավաքական պատիժը ռազմական հանցագործություն է։

Բրիտանական Channel 4 հեռուստաընկերությունից Մեթ Ֆրայը Իսրայելի նախագահին հարցրել է, թե արդյոք Իսրայելը Գազայի հատվածի շարքային պաղեստինցիների վրա է դնում պատասխանատվությունը, որ նրանք չեն վնասազերծել ՀԱՄԱՍ-ին։

«Եթե քո գրողի տարած խոհանոցում հրթիռ կա, եւ դու ուզում ես դրանով կրակել ինձ, կարո՞ղ եմ ես պաշտպանվել։ Այսպիսին է իրավիճակը։ Այդ հրթիռներն այնտեղ են։ Այդ հրթիռները արձակվում են, կոճակը սեղմվում է, հրթիռը թռչում է խոհանոցից իմ երեխաների վրա»,- ասել է Հերցոգը։

Երբ նրան հարցրել են, թե որն է Իսրայելի պլանը, նա պատասխանել է. «Պլանն այն է, որ մենք պետք է համոզվենք, որ ՀԱՄԱՍ-ը չի կարողանա  դա նորից կրկնել»։ «Մենք պետք է պաշտպանվենք» Մենք դրա լիակատար իրավունքն ունենք։ Եվ եկել է ժամանակը, որպեսզի աշխարհը հասկանա դա»,- ընդգծել է նա։