Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Չենք լռելու» նախաձեռնության ներկայացուցչի հետ, որի ժամանակ, Դ. Տոնոյանը փորձել է բանակում տիրող բարքերի համար պատասխանատվությունը գցել հասարակության մենթալիտետի վրա:
Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարարին են ներկայացվել մի շարք նկատառումներ` կապված բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների պատճառների վերացման հետ:
Հիվանդ զինվորներին բանակ զորակոչելու, իսկ առողջներին կաշառքով ազատելու հետ կապված խնդրի վերաբերյալ Դ. Տոնոյանը նշել է, որ զինծառայությունից առողջական խնդիրներից ելնելով վերջնական տարկետումն տալիս է կառավարության որոշմամբ ստեղծվող բժշկական հանձնաժողովը, որը դուրս է ՊՆ-ի վերահսկողությունից: «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը հիշեցրել է փոխնախարարին, որ այդ հանձնաժողով հասնելու համար անհրաժեշտ է նախ ունենալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված ուղեգիր, իսկ զինկոմիսարիատները, ինչպես հայտնի է, ՊՆ-ի ենթակայության տակ են: Դրան ի պատասխան պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ոչինչ չասող եւ ոչ ադեկվատ պատասխան է տվել` կոռուպցիոն ռիսկերը կրկին բարդելով միայն կառավարության որոշմամբ ստեղծվող հանձնաժողովի վրա:
Անդրադառնալով բանակ զորակոչվելու հետ կապված մեկ այլ, նորակոչիկների` ըստ զորամասերի տեղաբախշման խնդրին (երբ, կաշառք տալով, կարող ես ծառայել քո նախընտրած վայրում, իսկ մնացած նորակոչիկներով համալրվում են ամենահեռավոր զորամասերը)` «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը առաջարկեց հասարակական վերահսկողություն հնարավորություն ընձեռել այդ գործընթացի նկատմամբ` «Բանակն իրականում» նախաձեռնությանը, այլ քաղաքացիական միավորումներին ու հասարակական կազմակերպություններին: Պաշտպանության փոխնախարարին առաջարկն ակնհայտորեն դուր չեկավ, եւ հնչեցին թեմայի հետ որեւէ առնչություն չունեցող լիրիկական պատասխաններ (օրինակ` «պետք է այնպես անել, որ Ղարաբաղում ծառայելը ամեն մեկի համար պատիվ լինի» եւ այլն):
Ընդհանրապես, զրույցի ողջ ընթացքում Դ. Տոնոյանը պայմանավորում էր տարրական կոռուպցիոն ռիսկերի վերացումը մտածելակերպի գլոբալ, գրեթե միֆական, փոփոխությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ խնդիրների լուծումից խուսանավելու փորձ:
«Ցավոք, պաշտպանության փոխնախարարի հետ հանդիպումն էլ ավելի մեծ կասկածի տակ դրեց հավատը, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը բանակի եւ հասարակության միջեւ առկա անջրպետն ընդունում է համարժեքորեն եւ պատրաստվում է փոխել իր աշխատաոճը:
Ամենավտանգավոր եւ անհեռանկար բանը, որ կարելի է այժմ անել, բարեփոխումների իմիտացիան է»,- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:




























