Չնայած հայ-թուրքական սահմանները շարունակում են փակ մնալ, երկու երկրների միջեւ առեւտրային գործարքների ծավալը գերազանցում է 200 մլն դոլարը: Նման արդյունքի նախադրյալը Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի (TABDC) գործունեությունն է, հաղորդում է Bianet գործակալությունը:
Պարբերականին տված հարցազրույցում TABDC-ի համանախագահ Քաան Սոյակը պատմում է, թե "1996թ. գաղափար ծագեց երրորդ երկրների միջոցով գործարքներ իրականացնելու փոխարեն Հայաստանի եւ Թուրքիայի առեւտրային կապեր հաստատել: Այդ պատճառով էլ մենք նպատակ դրեցինք իրար հետ հանդիպեցնել հայ եւ թուրք գործարարներին: Իհարկե, գործարքները շարունակում էին կատարվել երրորդ երկրի միջոցով, բայց ի տարբերություն նախկինի, երրորդ երկիրը դրանից օգուտ չէր ստանում, այլ օգտագործվում էր միայն պայմանագրերիձեւակերպման համար: 1997թ. երկրների նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սուլեյման Դեմիրելը հանդիպեցին Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում եւ որոշեցին հիմնել TABDC-ն: Ես դարձա համանախագահ Թուրքիայի կողմից, իսկ իմ գործընկեր Արսեն Ղազարյանը՝ հայկական կողմից: Հարկ է նշել, որ TABDC անդամները նախընտրում են առանձնապես աչքի չընկնել եւ չհրապարակել իրենց ընկերությունների անունները, քանի որ այդ դեպքում կարող են ընկնել Ադրբեջանի «սեւ ցուցակների» մեջ:
Հարցին, թե ինչ ավանդ է ներդրել TABDC-ն երկու երկրների միջեւ բիզնեսի զարգացման գործում, սոյակը պատասխանել է. «երբ մենք դեռ սկսում էինք, երրորդ երկրի միջոցով առեւտրային գործարքների ծավալը չէր գերազանցում 50 մլն դոլարը, այժմ այն գերազանցում է 200 մլն-ը: Բացի այդ, մարդիկ ծանոթացան իրար հետ: Բայց ամենամեծ ձեռքբերումը Հայկական սփյուռքն է, որը եւս սկսեց մասնակցել երկու երկրների միջեւ առեւտրային գործարքներին: Սփյուռքի մի մասն արդեն ողջունում է սահմանների բացումը, քանի որ հնարավորություն է ստեղծվելու ինքնուրույն զբաղվել բիզնեսով: Այն դեպքում, երբ նախկինում թուքրերը չէին էլ կարող մտածել Հայաստան գնալու մասին, այժմ հանգիստ կարողանում են գնալ այնտեղ եւ զբաղվել տարատեսակ գորունեությամբ: Տաբուն, որին վերջ դրեց TABDC-ն, որոշակիորեն ազդեց նաեւ բիզնեսի վրա: Ամեն օր մենք նամակներ ենք ստանում երկու երկրներից եւ մարդկանց ապահովում ենք տեղեկատվությամբ»:
Սոյակը խոսել է նաեւ այն մասին, թե «մենք չենք ցանկանում համագործակցել միայն բիզնեսի ոլորտում, ցանկանում ենք աջակցել նաեւ մշակույթի ոլորտի նախագծերին: Երբ բացվեն սահմանները, առեւտրային գործարքների ծավալները կաճեն երեք անգամ»:



























