«Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանը, հոկտեմբերի 19-ին, ընդունել է Երեւանի միջազգային դպրոցի հայ եւ տարբեր ազգություններ ներկայացնող 6-7 տարեկան 16  սաների,  որոնց ծնողներն աշխատում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում եւ արտասահմանյան ձեռնարկություններում:

Այցի նպատակն էր պեղածո նյութերի հիման վրա նպաստել նախանադարյան հասարակության եւ նախամարդու մասին առաջին գիտելիքների յուրացմանը, ինչպես նաեւ ծանոթանալ Երեւանի բնօրրանին` Էրեբունի ամրոցին: Ընդառաջելով դպրոցի տնօրինությանը եւ կարեւորելով հնագիտական ժառանգության մանկավարժությունը վաղ դպրոցական տարիքից` արգելոց-թանգարանը հատուկ այս տարիքի երեխաների համար պատրաստել էր պարզեցված բացատրական էքսկուրսիա,  որը տեւել է նախատեսվածից երկար. փոքրիկները մեծ հետաքրքրություն են դրսեւորել հատկապես սեպագիր արձանագրությունների նկատմամբ եւ անընդմեջ հարցրել`  թե ինչու են ուրարտացիները թղթի վրա գրելու փոխարել նախընտրել քարը:  Նրանց հետաքրքրել է նաեւ,  թե որտեղ են պատրաստվել այդքան մեծ տարողության կարասներ,  իսկ դիտելով որմնանկարները անհոգ հայտարարել են,  թե իրենք էլ են ուրարտացիների նման նկարազարդում իրենց բնակարանների պատերը: 

Փոքրիկ այցելուներին, սակայն, չի զարմացրել աճյունասափորների մասին բացատրությունը. նրանցից շատերը տեղյակ են եղել դիակիզման ծեսին: 

Թանգարանից հետո,  բարձրանալով Էրեբունի ամրոցի միջնաբերդ, հետաքրքրասեր այցելուները նախ զարմացել են` տեսնելով իրենց առջեւ բացվող Երեւանի համայնապատկերը: Այնուհետեւ լսելով, թե ինչպես է ամրոցը լույս աշխարհ եկել հողի շերտերից մաքրվելուց հետո` նրանք չեն զլացել գործի անցնել եւ, առանց կաշկանդվելու,  փորձել են տարածքում առկա փոքրիկ քարակտորների օգնությամբ «պեղումներ ձեռնարկել»` նոր քաղաք բացահայտելու ակնկալիքով` ինչին արագորեն միջամտել են արգելոց-թանգարանի աշխատակիցը    եւ ուղեկցող ուսուցիչները: