Լոռիի մարզի Մեծ Պարնի համայնքում գտնվող, Հայաստանում բարձրությամբ 2-րդ՝ Թռչկանի ջրվեժի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման հարցում համայնքի բնակիչների կարծիքները կիսվել են:

Հիշեցնենք, որ Թռչկանի  ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների սկսումը հաստատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դեռեւս ամիսներ առաջ, երբ կար միայն նախագիծը, Մեծ Պարնի համայնքի բնակիչներն ու մի խումբ բնապահպաններ անցկացնում էին բողոքի ակցիաներ, իսկ այսօր գյուղի բնակչությունը բաժանված է 2 խմբի, մի մասի համար սա նոր աշխատատեղերի ձեռքբերում է, մյուսների կարծիքով` ջրվեժին ու գյուղին սպառնացող էկոլոգիական լուրջ վտանգ:

Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանն ի սկզբանե դեմ է եղել ՀԷԿ-ի կառուցմանը, ամեն ինչ արել, որ թույլտվություն չտան, դիմել է  բնապահպանության նախարարությանը, մի շարք պաշտոնավորների: Արդյունքում` նախարարությունից գրություն է ուղարկվել մարզպետարան, որտեղից էլ հայտնել են, թե մի լուծում կգտնեն: Գյուղապետն այլեւս ոչինչ անել չէր կարող, քանի որ արդեն տրված էր ջրօգտագործման թույլտվությունը: Գյուղում արդեն կարծես թե կրքերը հանդարտվել են, ու մարդկանց մեծ մասը համաձայն է ՀԷԿ-ի կառուցման մտքի հետ:

Գյուղապետի խոսքով՝ ինքը երկկողմանի համաձայնագիր է կնքել ՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ, ըստ որի՝ վերջինս պարտավորվում է հունիս-օգոստոսին չաշխատեցնել ՀԷԿ-ը, որին, սակայն, այդքան էլ չեն հավատում տեղաբնակները, ու իրենց խոսքով` չեն սխալվել, քանի որ նոր պայմանագրի համաձայն, ՀԷԿ-ը ամռան ամիսներին կաշխատի 50 տոկոսով:

Մինչդեռ Հրայր Յուղուբյանը բնակչությանը վստահեցրել է` ՀԷԿ-ի կառուցումից գետի հունը չի փոխվելու՝ «խողովակաշարն անցնելու է գետի կողքով», ինչին եւս գյուղացիները չեն հավատում: «Ո՞նց կարող է մարդն իր բիզնեսը չաշխատեցնի 3 ամիս: Ինչքան ուզում է համաձայնագիր լինի, մեկ է՝ էս երկրում օրենք չկա»,- ասում են գյուղացիները:

Նշենք նաեւ, որ ՀԷԿ-ի սեփականատերը գյուղի բնակիչ, շինարար Ռոբերտ Օհանյանն է, ով գյուղում առկա շատ խնդիրներին լուծում է տվել: Լոռեցիների խոսքով, եթե կառավարությունը ցանկանար պահպանել ջրվեժը,  միանշանակ կարող էր արգելել դրա կառուցումը. «Եթե մեր իշխանության գլուխ կանգնածները մի քիչ խելքով մտածեն, կհասկանան, որ էդ ջրվեժից ավելի շատ եկամուտ կարող են ստանալ` շահագործելով որպես տուրիստական վայր: Բայց չէ, քանդելն ավելի ձեռնտու է»,- բողոքել են գյուղացիները: