Այսօր Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում Ա. Բաղդասարյանն ասել է. «Ահաբեկչության դեմ պայքարը ցանկացած պետության համար քաղաքական գերակայություն է, ինչպես նաեւ ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Ահաբեկչությունը մինչեւ այժմ շրջանցել է մեր երկիրը, բայց մենք պետք է իրավական եւ ինստիտուցիոնալ առումով պատրաստ լինենք` ահաբեկչության եւ հատկապես կիբեր-ահաբեկչության դեմ պայքարում առավել միասնական ու հավաքական գործելու: Մենք տեսնում ենք, թե հատկապես կիբեր-ահաբեկչության ոլորտում ինչ հանցագործություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի: Ուզում եմ նշել, որ այս փաստաթղթի ընդունումը պայմանավորված է նաեւ երեք միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Դրանք են ՀԱՊԿ-ն, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն»:

ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի կողմից միջգերատեսչական հանձնախմբի քննարկմանն է ներկայացվել ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:

Ծրագիրը, որը մշակվել է բոլոր շահառու գերատեսչությունների նկատառումների հաշվառմամբ եւ միջազգային փորձագետների լայն ներգրավվածությամբ, համապարփակ փաստաթուղթ է, որում առկա է ահաբեկչության դրսեւորումների եւ առկա իրավիճակի վերլուծություն, սպառնալիքների տեսակների եւ ձեւերի նկարագրություն, ահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական դրույթները եւ պայքարի մեխանիզմները:  Ծրագրում տեղ են գտել նաեւ կադրային ապահովման խնդիրները, միջազգային փորձի կիրառման մեխանիզմները, ինչպես նաեւ միջազգային համագործակցությունն ապահովող երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի կնքման նպատակները:

Նախագիծը հավանության է արժանացել միջգերատեսչական հանձնախմբի կողմից, եւ առաջիկայում այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը: