Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի դեպքում ծեծի հավանական վարկած չկա, թեեւ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Նա նշեց, որ անձամբ հետաքրքվել է մասնագետներից, թե ինչ է տեղի ունեցել այդ տղայի հետ եւ նրան պատասխանել են, որ դա հոգեկան հիվանդություն է, որը գենետիկ դրսեւորումներ ունի:

«Չնայած հարուցված է քրեական գործ, սակայն ծեծի վարկած չկա: Այդ հիվանդությամբ զորակոչվել է, բայց հետո զորացրվել է»- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում սարսափելի դեպք է տեղի ունեցել, նա խելագարվել է: Պարզվել է, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում (տեսանյութ): Ավելի ուշ մամուլի հրապարակումներից հետո, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե նորմալ է, որ ծնողներին չեն տեղեկացրել որդու խելագարության մասին: «Իսկ ինչո՞ւ պետք է տեղեկացնեին: Բանակում կա այսպիսի կարգ. տեղեկացնում են ծանր դեպքերի, ծանր միջադեպերի մասին,  որտեղ  կարիք կա, որ ծնողի մասնակցությունն անհրաժեշտ է»,- ասել էր նա: