Բանակում տիրող իրավիճակի մասին ճշմարտությունը պետք չէ քողարկել, սակայն ներկայացնելուց պետք է շեշտել, որ նման միջադեպերն այլեւս չկրկնվեն, քանի որ դա պատժելի արարք է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, ասաց ՀՀ մշակույթի նախարարության գրքի ու հրատարակչական գործի գործակալության պետ, Գրողների միության քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը, մասնակցելով` «Բանակ- հասարակություն» թեմայով քննարկմանը:
«Այստեղ արդեն խնդիր է առաջանում. արդոք հասարակությունն իր ծնած, դաստիարակած, կրթած զինվորով ապահովո՞ւմ է այսօրվա համաշխարհային բարձր մակարդակի չափանիշները: Եթե մեղավորներ փնտրենք միայն բանակում, ապա դա մեզ կտանի ծուռ ճանապարհով, մենք պետք է կարողանանք ընդհանրական քննել, թե մենք` սկսած ընտանիքից, դպրոցից եւ դպրոցից դուրս ինչ գիտակցության մարդ ենք կարողանում ձեւավորել եւ ուղարկել բանակ»,- ասաց Միլիտոնյանը:
Ասուլիսի երկրորդ բանախոսը` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի խոսքով, հաճախ է նշվում, որ բանակը հասարակության հայելին է, եւ այդպիսով բանակում տեղի ունեցած դեպքերի պատասխանատվությունը դնում հասարակության վրա: Նա համոզմունք հայտնեց, որ բանակն այն հասարակության հայելին է, որը մեր իշխանությունները ցանկանում են ստեղծել`ճորտատիրական եւ ստրկատիրական համակարգ, որի մասն է բանակը: «Ոստիկանությունը, բանակը, հատուկ ծառայությունները մեր երկրում այլեւս ժողովրդական չեն, չեն պատկանում հասարակությանը: Ինչո՞ւ է պետությունը հանդուրժում այսպիսի սարսափելի դեպքերը բանակում, երբ երեք ու կես օրը մեկ զինվոր է մահանում: Այդ թիվն ենք ստանում, եթե բաժանում ենք 1994 թվականից ընկած ժամանակահատվածը բանակում զոհված զինվորների թվին:
Ստացվում է սարսափելի մի բան: Խնդիրն այն է, որ ոստիկանությունը, բանակը, հատուկ ծառայությունները պատերազմի ժամանակ էին միայն ժողովրդական եւ իսկապես ներկայացնում էին ժողովրդի շահերը: Սակայն պատերազմից մի քանի տարի անց այդ համակարգերը սկսեցին դառնալ իշխող դասակարգի պահպանները, պաշտպանները եւ կցորդները: Եւ հիմա իրենց նպատակն է, ոչ այնքան ծառայել ժողովրդին, պաշտպանել պետականությունը, որքան պաշտպանել երկրում տիրող ստրկատիրական համակարգը»,- նշեց Խզմալյանը:
Ըդհանուր առմամբ, չհամաձայնելով Խզմալյանի կարծիքին, Միլիտոնյանը, այնուամենայնիվ չբացառեց, որ կարող են լինել առանձին անհատներ, որոնք կփորձեն նման բան անել. «Չեմ կարծում, որ մեզանում կգտնվեն կոկորդիլոսի մտածելակերպի տեր մարդիկ, ովքեր նպատակ են դրել Հայաստանը 3-4 հազար տարով հետ մղել` դարձնելով ստրուկների եւ օլիգարխների երկիր»:




























