Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հոկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հիմնադրված Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան` 2010-2011թթ.-ն ամփոփող ժողովը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն 15 տարի գործող Կլոր Սեղան հիմնադրամի նպատակն է աջակցել բարեգործական, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային ու հասարակական տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջին շրջանում Կլոր Սեղանը ներգրավված է նաեւ տարածաշրջանային խաղաղության հաստատման եւ արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպման ծրագրերում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանն իր խոսքում նշել է, որ հիմնադրամի երկարատեւ աշխատանքի արդյունքները նկատելի են, ընդլայնվել է գործընկերների ցանցը: Հիմնադրամի գործադիր տնօրենը ժողովականներին է ներկայացրել նաեւ միջեկեղեցական կազմակերպության օպերատիվ եւ արագ արձագանքը Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքների հաղթահարման գործում:
«Մենք թերեւս միակ միջազգային կազմակերպությունն ենք, որ առաջինն արձագանքեցինք այդ դժբախտ պատահարին եւ հոգեւոր, նյութական աջակցություն ցուցաբերեցինք»,- ասել է նա:
Ժողովին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով իր ելույթում ներկայացրեց Հանրային խորհրդի գործառույթները, ստեղծման նպատակը եւ կատարվող աշխատանքները:
Այնուհետեւ ՀԿՍ-ի գործադիր տնօրենը եւ ծրագրերի պատասխանատուները ներկայացրել են հիմնադրամի 2010-2011 թթ. գործունեության հաշվետվությունը, ապա տեղի են ունեցել քննարկումներ, որոնց ընթացքում նախանշվել են հիմնադրամի հետագա գործունեության առաջնահերթ ոլորտները:




























