Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը «Արեւելյան ներդրումներ» (East-Invest) ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել երկու վերապատրաստման դասընթացներ ԵՄ իրավական դաշտի (EU acquis) հետ, որի նպատակը հայկական ընկերություններին արտահանման ոլորտում աջակցություն ցուցաբերելն է:

Պալատից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին դասընթացն սկսվել է հոկտեմբերի 17-ին  եւ ավարտվել 21-ին, որը նախատեսված էր հայկական այն ընկերությունների համար, որոնք ԵՄ երկրների հետ աշխատելու համեմատաբար քիչ փորձ ունեն, ԵՄ-ի չափանիշների, օրենսդրության եւ իրավական դաշտի, միջազգայնացման ոլորտում ունեն սահմանափակ գիտելիքներ, սակայն  մեծ ներուժ եւ լայն հեռանկար (“Starters” category)։

Երկրորդ դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 21-25-ին, որը նախատեսված է հայկական այն ընկերությունների համար, որոնք ունեն սերտ կապեր եւ փորձ եվրոպական ընկերությունների հետ աշխատելու գործում (“Advanced” category)։ Դասընթացը կվարեն արտերկրից ժամանած փորձագետները։

“EU acquis” դասընթացների փաթեթը ներառում է հետեւյալ ոլորտները՝

•         Տեխնիկական ստանդարտներ եւ կանոնակարգեր

•         Ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղափոխություն

•         Մրցակցության քաղաքականություն

•         Մաքսային ոլորտ

•         ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների հարաբերություն

“Internationalization” փաթեթը ներառում է՝

•         Մարկետինգի ռազմավարություն

•         Որակի ստանդարտներ

•         Մուտք ֆինանսական ոլորտ

•         Կառավարման հմտություններ

Դասընթացին կարող են մասնակցել հետեւյալ որորտները ներկայացնող ՓՄՁ–ները՝

•         գյուղատնտեսություն

•         տրանսպորտ

•         տեղեկատվական տեխնոլոգիաներ

•         տուրիզմ

•         շինարարություն

•         տեքստիլ

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (հյուրանոց, սնունդ, տեղափոխություն) հոգում է կազմակերպող կողմը ծրագրի շրջանակներում։ Դասընթացները տեղի կունենան Երեւան քաղաքից դուրս հանգստյան գոտում։ Լավագույն մասնակիցներին հետագայում հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ԵՄ երկրներում կազմակերպվող համապատասխան ոլորտները ներկայացնող խոշոր ցուցահանդեսներին, ինչպես նաեւ հանդիպել իրենց եվրոպական գործընկերներին։