Բանակում ստեղծված իրավիճակի հիմքում հայերենի աղճատված լինելն է մեր գիտակցության մեջ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, ասաց ՀՀ մշակույթի նախարարության գրքի ու հրատարակչական գործի գործակալության պետ, Գրողների միության քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը, մասնակցելով` «Բանակ- հասարակություն» թեմայով քննարկմանը:

«Անգամ մեկ բառը կարող է դառնալ սպանության հիմք: Թող զարմանալի չթվա, եթե մեր գիտակցությունը խեղվել է, իսկ հայերենը հասել է կենցաղային «ապերոյական» մակարդակի, հենց դա է ծնում բանակում եւ այլուր սպանություններ եւ բռնաբարություններ: Եթե մենք չգիտակցենք, որ նահանջում ենք հայերենի ըմբռնումից, մեր հայ հոգուց, մեր ազգային մտածողությունից,  արժեհամակարգից, կնշանակի` նահանջում ենք ամեն ինչից»,- ասաց Միլիտոնյանը:

Նրա խոսքով, բանակում «դեդովշինան» ի հայտ եկավ 1997-1998 թվականներից, իսկ դա լեզվամտածողության խեղեթյուրման արդյունքն է:

Ըստ Միլիտոնյանի, բանակի ներսում ստեղծվել էր մի վիճակ, երբ պատերազմից եկած, լավ կռված տղերքը դարձան սպայական անձնակազմ` չստանալով զինվորական կրթություն: «Գալիս էին զինվորներ, որոնց բանակ էին ուղարկում, ասելով, չկոտրվես, չգիտեմ ինչ չանես, այսինքն զինվորը բանակ է գնում իր պես հայ զինվորի դեմ կռվի պատրաստ: Կրթության պակասը բանակում զգում ենք ինքներս` զինվոր- սպա բռի փոխհարաբերություններում, սպան այն դերում չէ, որ պետք է լինի: Հրամանատարը պետք է զգա, որ զինվորն որիշի երեխա չէ, մեր ազգի երեխան է, իսկ զինվորն էլ իր հերթին պետք է հասկանան որ մեկը մյուսի թշնամին չեն»,-ասաց Միլիտոնյանը:

Անդրադառնալով բանակ գնացող երիտասարդ սերնդի խնդրին,  «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ հանդիպել եւ զրուցել է բանակից մի քանի օրով եկած երիտասարդի հետ: «Ես սարսափեցի այն ամենից ինչն ինքն ինձ պատմեց: Նա ասում էր մեզանից ստրուկ են դարձնում, մեր մեջ դա են մտցնում»,- ասաց Խզմալյանը, որպես իր խոսքերի ապացույց հիշեցնելով բանակում խելագարված զինվորի հայտնի տեսանյութը, որտեղ հոգեբուժարանում գտնվող զինվորն անընդհատ կրկնում էր «Մեր սրբությունը մեր նախագահն է, մեր նախագահը իմ սրբությունն է»:

Նա նաեւ նշեց, որ ամաչելով համեմատություն է անում հայկական եւ իսրայելական բանակների միջեւ. «Ամաչելով եմ այս համեմատությունն անում. Իսրայելը իր մի զինվորին գնահատեց հազարից ավելի գերի փոխանակելով, իսկ մեզ մոտ ինչպես են գնահատում զինվորի կյանքը: Իսկ մեզ մոտ...Դա ասում եմ խորին ամոթով»: