Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններից, որոնք ուղղված էին իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, 30-ականների հոտ է գալիս: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, նշելով, որ  պետք չէ  բանակը ժողովրդից պաշտպանել, պետք է բուժել:

«Ցանկանում եմ հիշեցնել պարոն Գասպարյանին եւ մնացած պարոնանց սպայակույտի, որ իրենք սնվում են մեր վճարած հարկերից, եւ իրենք հաշվետու են մեզ, իրենք պատասխանատու են մեր առջեւ` ամեն մի ծնողի, ամեն մի երեխայի առջեւ: Ինձ շատ քիչ է հետաքրքրում` ինչպես է նա հաշվարկել, թե որտեղից են սնվում քննադատները:  Բազմիս ասվել է, որ այս ամենից 30-ականների հոտ է գալիս»,- ընդգծեց Խզմալյանը:

Նա նաեւ ասաց, որ պատերազմի ժամանակ  եղել է «Վեստի» հեռուսաընկերության թղթակիցը. «Ռազմական հեռուստալրագրող էի, նկարահանել եմ շատ ու շատ բան, տեսել եմ շատ ու շատերին, սակայն մարդկանց, ովքեր հիմա մարտնչում են հասարակության դեմ, պաշտպանելով բանակը, նկատել մարտի դաշտում, թեեւ երեք ու կես տարի նկարահանել եմ»:

Գրողների միության քարտուղար Էդուարդ Միլիտոնյանն իր հերթին ասաց, որ ծանոթ չէ Գասպարյանի հնչեցրած կարծիքին: «Սակայն, ասեմ, որ ոչ  բանակն է պետք վարագույրով փակել, ոչ էլ այնպիսի վիճակ ստեղծել, որ մարդիկ վախենան  ընդհանրապես բանակի անունը տալուց: Ճշմարտությունը ամենաբարձր արժեքն է բոլորիս համար, եւ եթե տագնապ է հնչեցվում մահվան կապակցությամբ, ապա չէի ասի, որ արվում է բանակը քայքայելու համար»:

Նշենք, որ բոլորովին վերջերս պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, ֆինանասավորվում են դրսից, կատարում են պատվեր եւ նպատակ ունեն վարկաբեկել հայկական բանակը: