ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինական կողմի տնօրեն Հան Մինծիեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության բնագավառում հայ-չինական կապերի և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ բոլոր ոլորտներում առկա են ՉԺՀ-ի հետ համագործակցության ամուր կապեր, որոնք ժամանակի ընթացքում ավելի են խորանում:
Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը, նշել է՝ հայկական կողմը կարևորում է չինարենի ուսուցման զարգացումը, որի լավագույն վկայություններից են Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի և Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը, ինչպես նաև Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերը։
ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն հասցրել է հասկանալ, որ Հայաստանը մշակույթով և պատմությամբ շատ հարուստ երկիր է:
«Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 31 տարի առաջ, և այդ ընթացքում համագործակցության բավականին լայն շրջանակ է ստեղծվել: Մասնավորապես՝ կրթական համագործակցությանը երկուստեք մեծ ուշադրություն է դարձվում, ինչը շատ կարևոր է մեզ համար:
Շատ ուրախ ենք, որ այսօր հայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու չինարեն, քանի որ դրանով նրանց առջև նոր հնարավորություններ են բացում: Լեզվական կրթությունը հիմքն է մյուս բոլոր ոլորտների զարգացման: Արդեն իսկ ունենք լավ կադրեր, որոնք հիանալի տիրապետում են չինարենին և թարգմանություններ են իրականացնում»,- ասել է Ծին Վեյը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը չինարենի տարածման և ուսուցման գործում ներդրած շարունակական ջանքերի, ինչպես նաև «Ուրախ չինարեն» դասագրքի թարգմանության և տեղայնացման համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ լեզուների ուսուցումը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» կարևոր թիրախներից է: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, չինարենի հանդեպ հետաքրքրությունը մեր երկրում աստիճանաբար մեծացել է: Նա նաև կարևորել է ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը՝ լեզվի ուսուցման գործընթացի արդյունավետ համակարգման առումով:
Անդրադառնալով կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել ավելի մեծ թվով լեզվակիր մասնագետների գործուղումը Հայաստան, հայ մասնագետների շարունակական վերապատրաստումները ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կարևորվել է չինարեն սովորողների համար ամառային դպրոցների անցկացումը, հայերենով ուսումնամեթոդական նյութերի շարունակական ստեղծումը, ինչպես նաև հայ և չին հեղինակների գրական ստեղծագործությունների թարգմանությունն ու այս նպատակով համապատասխան մասնագետների պատրաստումը:
Երկուստեք անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում հայագիտական, իսկ Հայաստանում չինագիտական կենտրոնների ստեղծման հնարավորությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




























