Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 միլիարդ 676 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 299 միլիարդ 235 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները և ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետբյուջե է վճարել 52,4 մլրդ դրամ:
ԶՊՄԿ-ին հաջորդում են «Գազպրոմ Արմենիան»՝ 39,5 մլրդ դրամ, և «Գրանդ Տոբակոն»՝ ավելի քան 31 մլրդ դրամ վճարված հարկերով:
Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 39 մլրդ 491,6 մլն դրամ հարկ, երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ 31 մլրդ դրամ վճարված հարկերով:
Չորրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (մոտ 30,1 մլրդ), հինգերորդում՝ «Փրիթի ուեյ»-ը (մոտ 23 մլրդ ,354,4 մլն դրամ), վեցերորդում հորիզոնականում՝ «Ամերիաբանկ»-ը (մոտ 22,9 մլրդ դրամ), յոթերորդը՝ «Արդշինբանկ»-ը (21,3 մլրդ), ութերորդում՝ «Սի փի էս էներջի գրուպ»-ը (16 մլրդ 587,1 մլն դրամ), իներորդում՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (մոտ 15,7 մլրդ դրամ)»։
«Ջեյ թի այ Արմենիա»-ն եզրափակում է տասնյակը։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 13,4 մլրդ դրամ։
Նշենք նաև, որ առցանց առեւտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը 2023 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանում 13-րդ խոշոր հարկատուն է։
Ընկերությունը այս տարվա 9 ամիսներին Հայաստանի պետական բյուջե է վճարել 12 մլրդ 507,5 մլն դրամի հարկեր։ 2022 թվականի երրորդ եռամսյակում «Վայլդբերիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 528-րդ տեղում էր՝ վճարելով 366,2 մլն դրամ հարկ։




























