Տարհանման թռիչքից հետո մենք անընդհատ կապի մեջ ենք հայ համայնքի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք հավելյալ թռիչքի կարիք կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Բնականաբար, 2-3 քաղաքացու համար ինքնաթիռ ուղարկել չենք կարող, պետք է կրիտիկական զանգված ստեղծվի, որի հիման վրա էլ որոշում կկայացվի։ Կրիտիկական զանգվածը դեռ չի ձևավորվել։
Իսրայելի հյուսիսում էսկալացիայի սրման մտավախությունը, մեծ հաշվով, չիրականացավ: Ըստ այդմ, հայ համայնքում լարվածությունը փոքր-ինչ թուլացել է։ Այնուամենայնիվ, դա կարող է փոխվել ցանկացած պահի: Հայ համայնքի կամ Հայաստանի քաղաքացիների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»,- նշել է նա։
Սինանյանը տեղեկացրեց, որ Իսրայելից տարհանված հայերի մեծ մասը Հայաստանում են ժամանակավոր հիմունքներով։ «Միայն գիտենք, որ մեկ ընտանիք ցանկություն է հայտնել մնալ Հայաստանում»,- նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Թել Ավիվից տարհանման թռիչք էր կազմակերպվել, որով դուրս էին բերվել Հայաստանի 200 քաղաքացիներ և Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչներ։





























