Հայաստանում գոյություն ունի ստվերային տնտեսություն՝ մոտ 240 մլրդ դրամ շրջանառությամբ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ մոտ 120 մլրդ դրամ բաժին է ընկնում ԱԱՀ-ին։ Նույնքան էլ՝ շրջանառության հարկին եւ եկամտահարկին։ «Այստեղ կարեւոր է ՊԵԿ պոտենցիալի զարգացումը։ Մենք չեք կարող պնդել, որ մեզ կհաջողվի ապահովել 100 տոկոսանոց ոչ ստվերային տնտեսություն։ Բայց եւ այնպես, ակնհայտ է, որ ստվերային տնտեսությունը պետք է կրճատել»,- ասել է Բադասյանը։
Նա նաեւ ավելացրել է, որ 2023թ. սեպտեմբերին աշխատանքի տեղավորված անձանց թիվը հասել է 726 056 նիշին։ «Դա բացարձակ ռեկորդ է։ Դա 5,1 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշից»,- ընդգծել է ՊԵԿ ղեկավարը։





























