ՀՀ նախագահի աշխատակազմի պահման ծախսերը 2024թ. կավելանան 85 մլն դրամով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

Լրացուցիչ 3 մլն դրամ, նրա խոսքով, նախատեսվում է հատկացնել աշխատավարձերի բարձրացմանը՝ պայմանավորված ստաժով, իսկ մնացած 82 մլն-ն՝ նոր ցանցային սարքավորմանը եւ հեռահաղորդակցային համակարգի ձեռքբերմանը։ «Մեր գործունեությունն ուղղված է այն բանին, որպեսզի հասարակությունն սկսի մեզ ընկալել որպես ապաքաղաքական, կայուն, հեղինակավոր, պրոֆեսիոնալ, հուսալի  ինստիտուցիոնալ կառույց եւ ռազմավարական նախաձեռնությունների կարեւոր օղակ»,- ասել է պաշտոնյան։ Աշխատակազմը պետք է իրականացնի ընդամենը մեկ ծրագիր եւ երկու միջոցառում։

Նախագահի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 1,771 մլրդ դրամ։ Համեմատության համար. 2023թ. հատկացվել է 1,686 մլրդ դրամ։

Պողոսյանը հավաստիացրել է, որ առկա սարքավորումները հնացել են եւ աշխատում են խափանումներով։ Դրանց փոխարինումը թույլ կտա պատշաճ կապ ապահովել հասարակության եւ ԶԼՄ-ների հետ։