Ղազախստանը ծրագրում է 2024 թվականին 15 տարվա կտրվածքով պայմանագրեր ստորագրել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, հայտարարել է հանրապետության առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը Սանկտ Պետերբուրգի XII միջազգային գազային ֆորումում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Սկլյարի խոսքով՝ ֆորումի շրջանակներում նախատեսվում է ստորագրել շրջանակային համաձայնագիր, որը կորոշի հաջորդ տարի «15 տարվա կտրվածքով» կոնկրետ համաձայնագրերի կնքման ժամկետները։
«Սա շրջանակային համաձայնագիր է, որով մենք 2024 թվականի կեսերին կորոշենք ժամկետները, որպեսզի կոնկրետ պայմանագրեր կնքենք 15 տարվա հեռանկարով: Եվ մեզ, և Ռուսաստանի Դաշնությանը կայունություն է պետք այս հարցում:
Առանց լուրջ պայմանավորվածությունների մենք չենք կարողանա զարգացնել նոր էներգետիկ հզորություններ և կառուցել արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք գազ են օգտագործելու»,- պարզաբանել է նա։
Սկլյարը նաև հայտարարել է Կենտրոնական Ասիա-Կենտրոն գազատարի հնարավորությունները մեծացնելու մտադրության մասին։ «Մենք մտադիր չենք դրանով կանգ առնել: Մենք կմեծացնենք Կենտրոնական Ասիա-Կենտրոն գազատարի հնարավորությունները, և պլաններ կան հետագայում զարգացնելու մեր երկրի տարածքով տարանցումը և ռուսական գազի հետագա արտահանումը այլ շուկաներ»,- ասել է Ղազախստանի առաջին փոխվարչապետը:




























