Ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելող օրենքը, եթե ընդունվի Ուկրաինայում, կխախտի ուղղափառ եկեղեցու հոգևոր կյանքի միասնությունն ու ներդաշնակությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Մտահոգությամբ տեղեկացանք Ուկրաինայի Գերագույն Ռադայում վերջերս քննարկված նախաձեռնության մասին։ Կրոնական կազմակերպությունների գործունեության մասին օրինագիծն իր դրույթներով նոր անցանկալի տրամադրություններ կառաջացնի հավատացյալների շրջանում և պատճառ կդառնա Քրիստոսի եկեղեցու ավանդական և սուրբ եկեղեցական իրավական կանոնների անտեսման, ինչպես նաև կխախտի ուղղափառ եկեղեցու հոգևոր կյանքի միասնությունն ու ներդաշնակությունը»,- նշել է Գարեգին Բ-ն։

Նա նաև հույս է հայտնել, որ Ռադայի պատգամավորները «այս զգայուն հարցում կառաջնորդվեն և կգործեն՝ գիտակցելով հավատի սրբությունը, նույն հավատքի ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը և հարգելով եկեղեցու դարավոր ավանդույթները»։ «Մեր խորին համոզմամբ, հատկապես այս դժվարին փորձությունների ժամանակ անհրաժեշտ է եկեղեցին զերծ պահել քաղաքական գործընթացներից և կրոնական գործոնը չվերածել շահարկումներ ու հակասություններ սերմանելու առիթի»,- հավելել է նա։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ աղոթում է, որ «հայերին բարեկամ երկու ժողովուրդների հակամարտությունը, որոնք կապված են միմյանց պատմական ամենասերտ կապերով, ավարտվի, և դավանած ընդհանուր արժեքներն ու հավատքը հաղթանակ տանեն նրանց կյանքում՝ կամուրջ ծառայելով համերաշխություն և խաղաղություն հաստատելու համար»։