2024թ. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը ՀՀ պետբյուջեից կհատկացվի 345 մլրդ 417 մլն դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

2023թ. համեմատ աճը կկազմի ավելի քան 95,1 մլրդ դրամ կամ 38 տոկոս։ «Հատկացված միջոցների մոտ 62 տոկոսը կամ 216 մլրդ 398 մլն դրամ կտրամադրվի ընթացիկ ծախսերին»,- նշել է փոխնախարարը։ Մնացածը կտրամադրվի կապիտալ ծախսերի ծածկմանը։

Իսկ եթե հատկացված միջոցները բաժանվեն ըստ ոլորտների, ապա կրթության կարիքների համար կհատկացվի 285 մլրդ դրամ (աճը կկազմի 47 տոկոս), գիտությանը՝ մոտ 32,5 մլրդ դրամ (աճը 8 տոկոս), մշակույթին՝ 18,9 մլրդ դրամ, սպորտին՝ 6,656 մլրդ դրամ եւ երիտասարդության ծրագրերին՝ 2,331 մլրդ դրամ։

Նախատեսվում է իրականացնել 22 ծրագիր 200 միջոցառմամբ։