ՀՀ իշխանությունները նախատեսում են Ասիական զարգացման բանկից լրացուցիչ վարկ վերցնել 66,1 մլն եվրոյի չափով։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Միջոցները, նրա խոսքով, կտրամադրվեն սեյսմակայուն դպրոցների շինարարությանը։ Այդ ծրագիըր մեկնարկել է դեռ 2016թ.։ Այն պետք է տեւի մինչեւ 2026թ. մայիսի 30-ը։ Նախատեսվում է իրացնել 107 մլն եվրո (88,5 մլն-ն այն միջոցներն են, որոնք ստացվել են համաֆինանսավորման ճանապարհով, 18,5 մլն-ը՝ կառավարության հատկացրած միջոցներն են)։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ կապիտալ նորոգել 46 դպրոց  20 հազար աշակերտների համար։ Սակայն առայժմ հաջողվել է կառուցել 16 նման դպրոց։ 19-ը գտնվում է կառուցման փուլում։ Եվս 10-ը նախագծվում է։ Բոլոր դպրոցները պետք է անցնեն 9 բալ սեյսմակայունության միջազգային փորձաքննություն։

«Վարկային միջոցների 80 տոկոսը արդեն ծախսվել է։ Այնուամենայնիվ, աշխատանքների ավարտման համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն»,- տեղեկացրել է նախարարը։

Անցած մի քանի տարիներին էապես թանկացել են շինանյութերը։ Եթե առաջին երեք նախագծերում շինաշխատանքնեի միջին ծախսը մեկ աշակերտի հաշվարկով կազմում էր 2 մլն 53 հազար դրամ, ապա այժմ այդ գումարը ավելացել է ավելի քան կրկնակի՝ 4 մլն 482 հազար դրամ։