Հայաստանի ոստիկանությունը դեռևս չի հետաքրքրվել երևանյան բակում ձագերի վրա կրակելու մասին տեղեկություններով։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքի մասին։ Հոկտեմբերի 29-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակելի շենքի բակում անհայտ անձը կրակել է կատվի ձագի վրա։ Կլինիկան, որտեղ գտնվում է վիրավոր կենդանին, պատրաստ է իրավապահ մարմիններին տրամադրել բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ կատվի ձագի մարմնից դուրս բերված բեկորները: Սակայն իրավապահ մարմինները դեռևս որևէ կերպ չեն արձագանքել հաղորդագրությանը, թեև ԶԼՄ-ներում կատաված հրապարակումները համարվում են հանցագործության մասին հաղորդում։

Ինչպես նշված էր նախորդ հոդվածում, խոսքը ոչ միայն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին է, այլև` հասարակության համար վտանգավոր եղանակով կատարված հանցագործության։ Հանցագործը կարող էր երեխայի վիրավորել:

Կատվի ձագի ողբերգական ճակատագրի մասին հոդվածի հրապարակման հաջորդ օրը մամուլում տեղեկություններ հայտնվեցին Ախուրյանում փոքրիկ աղջկա վիրավորվելու մասին։ Հիշեցնենք, որ 13-ամյա տղան տնից հանել է «Տիր» օդամղիչ ատրճանակը և կրակել բակում խաղացող 11-ամյա աղջկա վրա։ Այժմ աղջիկը ծանր վիճակում՝ թոքի վիրավորումով, գտնվում է հիվանդանոցում։ Այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի շրջանառություն։

Ստացվում է՝ քանի դեռ «բանը բանից չի անցել», որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, ոստիկանությունը նախընտրում է չարձագանքել։