Հոկտեմբերի 30-ին Ֆրանսիայում հարցաքննության համար ձերբակալված Alfa Group-ի համահիմնադիր Ալեքսեյ Կուզմիչևն ութ միլիոն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։

Ռուս միլիարդատերը ձերբակալվել է հարկային խարդախության, փողերի ենթադրյալ լվացման և կազմակերպված հանցավոր խմբում թաքնված աշխատանքի կասկածանքով, նշում է հրատարակությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությանը (PNF), փոխանցում է DW-ն։

Դատախազն Ալեքսեյ Կուզմիչևին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն նա դատարանի շենքը լքել է՝ գրավ վճարելու պարտավորությամբ։ Գործարարն այժմ գտնվում է դատական ​​հսկողության տակ և նրան արգելված է լքել Ֆրանսիան։

Միաժամանակ ֆինանսական դատախազությունը հայտարարել է ռուս գործարարի գործով պաշտոնական հետաքննություն սկսելու մասին։ Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիայում նման հետաքննության մեկնարկը չի նշանակում, որ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել, կամ որ քննչական գործողությունները պետք է հանգեցնեն դատավարության։ Իրավապահ մարմինները հետաքննությունը շարունակելու համար հիմքերը բավարար են համարում։ Քննչական գործողությունները կարող են շարունակվել տարիներ՝ մինչև գործը դատարան տեղափոխելու կամ նյութերն արխիվ հանձնելու որոշում կայացվի, նշում է գործակալությունը։

Ալեքսեյ Կուզմիչևի կալանավորումից հետո, ում դիտորդները համարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան «կաջակցի պաշտպանելու նրա իրավունքները՝ որպես Ռուսաստանի քաղաքացի», եթե «կալանավորը ցանկանա»։

2022 թվականի մարտից Կուզմիչևը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ, որոնք սահմանվել են Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված։ Այս պատժամիջոցների կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունները խլել են նրա երկու զբոսանավերը։ Իր հերթին, գործարարը հայց է ներկայացրել ֆրանսիական մաքսատան դեմ, և 2022 թվականի վերջին երկու զբոսանավերի առգրավումը հանվել է։